Search
Close this search box.

Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. Իբր ականատես է եղել սպանության

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայկ Աբաղյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննված քրեական գործով քննչական խմբի քննիչ Ռաֆիկ Ավագյանը 2016թ.-ի մայիսի 16-ին եւ 17-ին իր ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքը ականատես է եղել 15.05.2016թ.-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության եւ խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձի կողմից ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածելու հանգամանքներին, ինչպես նաեւ նկարագրել է հարվածող անձին:

Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց եւ Հ. Աբաղյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հերքվել են վերջինիս պնդումները՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ծանր հանցագործություն կատարելու վերաբերյալ:

Հ. Աբաղյանը խոստովանել է, որ սուտ մատնություն կատարելու քայլին դիմել է` դատաքննության ընթացքում ավելորդ պատասխաններից խուսափելու համար, եւ քննիչը քրեական գործում ներառել է իր տված իրական ցուցմունքները: Արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ Հ. Աբաղյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է բնակարանային գողության մեջ մեղադրվող, Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Մասնավորապես, վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 13.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներ Մանուկ Մանուկյանն ու Տարոն Բարսեղյանը Արարատի մարզի բնակարաններից գումարի եւ ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Ա. Սարգսյանը հայտնել է, որ  արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետեւ նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը եւս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Ա. Սարգսյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ հոդվածների 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ա. Սարգսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Please enter a valid URL