Search
Close this search box.

Ինչ է առաջարկել Իրանի արտգործնախարարը՝ Լավրովին

Թեհրանն այն կարծիքին է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափով, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան), ինչպես նաև այդ տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցությունը, նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմով, ինչպես նաև առկա մեխանիզմներով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերն այս տարածաշրջանում», — մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը:

Աբդոլլահիանը նաև ընդգծել Է կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու համար դեպի կայուն խաղաղություն և ներառական անվտանգություն համատեղ շարժվելու կարևորությունը, ինչպես նաև նշել է այս իրավիճակում արտաքին միջամտության անընդունելիությունը։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն ու կայունություն. արտաքին միջամտությունն այս տարածաշրջանում, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը գործոններ են, որոնք է՛լ ավելի են բարդացնում իրադրությունը», — արձանագրել է դիվանագետը։

Անդրադառնալով այլ հարցերի՝ Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել Է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները բարդացնում են իրավիճակը, անհրաժեշտ է հարցի քաղաքական լուծում։ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները բանակցությունների ընթացքում քննարկել են նաև երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի ընթացակարգի պարզեցման հարցերը։

Please enter a valid URL