ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության բոլոր հարցերը պետք է լուծվեն կառուցողական ձեւով, կարծում է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ RTVI-ի հետ զրույցում նա հույս է հայտնել, որ դաշինքից Երեւանի հնարավոր դուրս գալու մասին խոսակցությունները շուտով կդադարեն։
«Հույս ունենք, որ կդադարեն վնասակար քննարկումները, թե ով որտեղից է դուրս գալիս եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Երեւանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը կառուցողական եւ փոխշահավետ ձեւով կլուծվեն»,- ասել է Գալուզինը:
Նա ընդգծել է, որ Մոսկվան եւ Երեւանը մշտապես շփվում են ՀԱՊԿ-ի հարցով։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ ռուսական կողմը հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։