«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը:
Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։ Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել:
Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաեւ Հաագայի դատարանի այս որոշումը: ՍԴ-ում փաստաթղթի սահմանադրականությունը որոշելուց հետո Հռոմի կանոնադրությունը կամ ստատուտը դեռ պետք է վավերացվի ԱԺ-ում: Ասել է թե՝ գնդակը խորհրդարանականների դաշտում է: Բանն այն է, որ ՔՊ-ականները հիմա վախեցած են ՍԴ այս որոշումից, տարբերակներ են մտածում՝ ինչպես մանեւրեն սրանից, հատկապես որ Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել սրան եւ զգուշացրել «երկկողմ հարաբերությունների համար սրա չափազանց բացասական հետեւանքների մասին»: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից (ով նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է) հետաքրքրվեց՝ ՔՊ-ն ինչ դիրքորոշում ունի՝ սրա հետ կապված, արդյոք կբերեն այն ԱԺ։ «Դեռ նոր է ՍԴ-ի որոշումը, քննարկում չի եղել այդ մասով, բայց կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք դա»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ եթե Հռոմի ստատուտը վավերացվի, ու ՌԴ նախագահը գա ՀՀ, մեր քաղաքական ղեկավարությունը ինչ գործողություն կանի արդյոք, պատասխանել էր. «Թող հլը վավերացնի. Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում: Դա շատ ավելի քաղաքական, միգուցե պատմական գնահատական է»: