Օրեր առաջ Հրազդանում պարեկի կողմից մահացու վիրավորում ստացած 45-ամյա Սամվել Թովմասյանի այրին՝ Քրիստինե Զորոյանը, պահանջում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարեկին որպես մեղադրյալ ներգրավել եւ կալանավորել։
«Ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ ինքը արեւ չտենա, ինքը ինչի՞ է հիմա արեւի երես տեսնում, իսկ իմ ամուսինը մահացել է, ոչ մի հանցանք չէր գործել, անմեղ մարդուն սպանես ու ազատության մեջ արեւ վայելես, ինչի՞ համար, իրեն պետք է փակեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Քրիստինե Զորոյանը։
Սամվել Թովմասյանը մահացել էր մարտի 13–ին։ Հրազդանի 17–ամյա բնակիչ Հասմիկ Բաղդասարյանը ոստիկանություն էր ահազանգել, որ իրենց խորդանոց մարդ է մտել։ Երբ պարեկներն ու ոստիկանները դեպքի վայր էին ժամանել, Սամվելն, ըստ Քննչական կոմիտեի հաղորդած տեղեկության, խորդանոցից դուրս էր եկել պարկը գլխին, կացինը՝ ձեռքին։ Ոստիկանները, ըստ Քննչականի, փորձել են համոզել տղամարդուն, որ կացինը վայր դնի եւ հանձնվի, բայց նա չի ենթարկվել, կացնով անկանոն շարժումներ է արել, հարձակվել ոստիկանների վրա, փորձել վնասել նրանցից մեկին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով նախազգուշական 2 կրակոց արձակելուց հետո կրակել է տղամարդու կրծքավանդակին։ Ստացված վիրավորումից 45–ամյա Սամվելը հիվանդանոցում մահացել է։
Սամվելը նույնպես Հրազդան քաղաքից էր։ Քրիստինեն չգիտի՝ ինչու եւ ինչպես էր ամուսինը հայտնվել քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկում։ Նա պատմում է, որ դեպքի օրը՝ կեսգիշերին մոտ, ամուսինը տնից դուրս է եկել, ինքը կարծել է, թե ընկերների հետ է, կվերադառնա։ Գիշերը երեքին նկատելով, որ ամուսինը չի վերադարձել, զանգել է ամուսնուն, որն անհասանելի է եղել։ Առավոտյան գնացել է աշխատանքի, որտեղ նրան ասել են, թե ամուսնուն ծեծել են, բայց թե որտեղ է նա ու ինչ վիճակում՝ չեն ասել։
«Զանգել էին, հարցուփորձ էին անում, տեսնեն՝ ես ինչ–որ բան գիտե՞մ, թե՝ ոչ։ Հետո ծանոթ աղջիկ կար, ասում էր՝ լսել եմ, որ Սամոյին էնքան են ծեծել՝ մահացել է, չհավատացի, իսկ հետո մինչեւ Երեւանից՝ գործից եկա Հրազդան, արդեն տեղեկացա, որ պարեկները կրակել են՝ երկու անգամ, համ ծեծել են, համ՝ կրակել, որ ինքը ողջ չմնա, չպատմի ոչ մի բան»,- ասում է 45–ամյա տղամարդու այրին ու նկարագրում, թե ինչ տեսք ուներ մահացած ամուսինը․
«Դունչը կոտրած էր, նայում ենք՝ չենք ճանաչում, երեսը՝ կապտած, էնքան գրիմ էին արել, որ անճանաչելի էր դարձել»։
Քրիստինեն օրեր առաջ է եղել քննչական բաժնում։ Դեպքի մանրամասներին ասում է՝ չեն ծանոթացրել, գիտի միայն, որ ամուսնուն սպանած պարեկն ազատության մեջ է։ Այս փաստից է վրդովվում։
«Գնացի, որ տեսնեմ՝ ինչ տեղեկություն կա, ասացի՝ էդ ինչի՞ մի անգամ մեր դուռը չբացեցիք, բա ես չիմանա՞մ ինչ է պատահել, կարող է իմանում եմ նենց բան է պատահել, որ ես էլ սուս մնամ, բայց ավելի վատ բան էլ է լինում է՝ մարդ չեն սպանում։ Քննիչն ասաց՝ վիդեոները դատից հետո կտանք, բայց դատից հետո ինչի՞ եք տալիս, շատ բան չիմացա, քննիչը չպատմեց։ Ասաց, որ մեջքից էլ են խփել, ինչի՞ ոտքերին չէին կարող խփել, անգամ եթե մեղավոր էր, կարող էին էնպես վիրավորել, որ չմահանար»,- նշում է Քրիստինեն։
Սամվելը հիմնական աշխատանք չուներ, այրին ասում է՝ սեզոնին, երբ դաշտում աշխատանք էր լինում, գնում էր աշխատում։ 46–ամյա տղամարդը երեք երեխաների հայր էր, նաեւ թոռ ուներ։ Կինը լսել է, որ անընդհատ շեշտվում է ամուսնու նախկինում դատապարտված լինելու հանգամանքը, բայց Քրիստինեն ասում է՝ գողություն հատկանիշներով ամուսինը երբեք կալանավորված չի եղել։
«Ինքը սիրում էր խառնվել կռիվներին, ոչ մեկին չի բռնաբարել, գողություն չի արել, մարդ չի սպանել»,- ասում է այրին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնցից մեկը գողություն կատարելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, մյուսը՝ սպանության հատկանիշներով: Դեպքից կես ամիս անց էլ մեղադրյալ չկա։ Քննչական կոմիտեից վստահեցնում են՝45–ամյա տղամարդուն մահացու վիրավորում հասցրած պարեկի գործողությունների իրավաչափությունը քննության հիմնական առարկաներից մեկն է։
«Քրեական վարույթի շրջանակում այս պահին պաշտոնավարման կասեցման հարցը չի քննարկվում եւ չի կարող քննարկվել, քանի դեռ ոստիկանի գործողությունների իրավաչափության պարզման եւ գնահատման ուղղությամբ քննություն է իրականցվում, եւ քրեական հետապնդման հարուցման հանգրվանին դեռեւս քննությունը չի ասել»,- ասում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Գործի շրջանակում նշանակված փորձաքննությունների եզրակացություններն առայժմ վարույթն իրականացնող մարմինը չի ստացել։