ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, Արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպումների ընթացքում կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաեւ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։
ԱԽ քարտուղարը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան։
Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ անվտանգային ոլորտում համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացները։