Search
Close this search box.

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում հանդիպել է Բելառուսի իր գործընկերոջ հետ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները:

ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 20 տոկոսով: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է հարաբերությունների խորացման մեծ ներուժ և պետք է պահպանել ու խթանել դրական միտումները:

Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջը ծանոթացրել է անցած տարվա նոյեմբերին հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել բելառուսական բիզնեսի և հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների համար:

Քննարկվել են տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

Հանդիպմանն  անդրադարձ է կատարվել  նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

 

Please enter a valid URL