«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ն հայտարարություն է տարածել` պահանջելով, որՀՀ իշխանությունը դիմի ՀԱՊԿ-ին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրի ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը։ Հայտարարությունը, որին միացել են նաև «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ–ն և «Պահեստազորի սպաների» շարժումը, հրապարակվել է ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ Փաշինյանն անհրաժեշտության դեպքում պետք է խնդրանքով դիմի ՀԱՊԿ–ին` Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար։
«Հակառակ դեպքում երկրի համար կործանարար հետևանքների ամբողջ պատասխանատվությունը մնում է Նիկոլ Փաշինյանի վրա։ Առաջարկի բացասական պատասխանի դեպքում պետք է հանրայնացվի «ՀՀ-ին ՀԱՊԿ-ի կողմից օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը և տրվեն մերժման հիմնավորումները։ Եթե Փաշինյանը հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթուղթը, առաջանում է ՀՀ ԱԺ–ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով դիմելու անհրաժեշտություն»,– ասված է հայտարարությունում։
Հեղինակները նշում են, որ օրակարգում պետք է ընդգրկել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը հրատապ կյանքի կոչելու հարցը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը ժամ առաջ ստորագրելու պահանջը։
Այս հայտարարությամբ հայկական հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան սպաները դիմում են նաև քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և նախաձեռնություններին միասին հանրային պահանջ ձևավորելու նպատակով։
Հասարակական կազմակերպության անդամները նաև մտահոգություն են հայտնում Ադրբեջանի ռազմական պատրաստությունների և պաշտոնական Բաքվի կողմից Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելու կապակցությամբ:
Նրանք նշում են, որ 2022 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի փաստաթղթի նախագիծը` դա բացատրելով նրանով, որ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի գործողությունները չի որակել որպես «ագրեսիա»։
Դրանից հետո, սակայն, և՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, և՛ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել են, որ ՀԱՊԿ առաքելության ծավալման պլանը մնում է սեղանին, և առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում։
Զուգահեռ այս ամենին, ՀՀ իշխանություններն էլ ընդունում են, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր լայնածավալ ագրեսիա է նախապատրաստում։ «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն» ընդգծում է, որ որպես հիմք Ադրբեջանը կարող է մատնանշել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը։
Նշվում է նաև, որ իր պահանջներին «տեղեկատվական պատրաստություն» ապահովելու համար Ադրբեջանը գնում է ամենատարբեր հնարքների։ Օրինակ` 2023թ․ մարտին այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնք» նախաձեռնությունը դիմել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել դեպի Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։ Վերջերս էլ այդ նախաձեռնությունը նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին` ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն սկսելու կոչով։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ակնհայտ քաղաքական, դիվանագիտական և քարոզչական բացահայտ ճնշումներով Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու հող է նախապատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» բացումով և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելով։ Նոր ագրեսիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմնավորում է նաև տասնյակհազարավոր ադրբեջանցիների «պատմական հայրենիք» վերադառնալու անհրաժեշտությամբ»,– ասված է հայտարարությունում։