Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը:
Խոսելով Ադրբեջանի կողմից 2020թ.-ից ի վեր Եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի նկատմամբ հումանիտար, սոցիալ-տնտեսական, ռազմական, քաղաքական և հոգեբանական ճնշումների հետևողական մեծացման մասին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ չնայած մեր բազմաթիվ հայտարարություններին և հորդորներին, միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով, հետևողական չլինել ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում:
«Հետևաբար, մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ: Վստահ եմ, որ մեր ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»,- ընդգծել է նախագահ Հարությունյանը:
Նիստում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին