Search
Close this search box.

Հայհոյել են, կիրառվել է արցունքաբեր գազ. պարեկների և 3 քաղաքացու միջև կրկին վեճ է եղել. մանրամասներ

Գեղարքունիքի մարզում պարեկները և 3 քաղաքացի վիճաբանել են, հնչել են հայհոյանքներ, կիրառվել է արցունքաբեր գազ և ֆիզիկական ուժ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քաղաքացիները փորձել են միջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։
«Ավագ պարեկը զեկուցագիր է ներկայացրել, համաձայն որի Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները երեկոյան ժամի նկատել են կայանված «Վազ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել է 3 անձ: Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաև նույն մարզի 30 և 31-ամյա բնակիչները և նույնպես սկսել են հայհոյել»,– ասված է հաղորդագրությունում:

Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաև պոկել նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը և փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները։ 29-ամյա տղամարդն էլ ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն: Նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը:

Պարեկները 3 տղամարդու նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 և 31-ամյա տղամարդիկ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հիշյալ պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված 2 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք ևս բավարարվել են։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ինչպես նաև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու ուղղությամբ:

Please enter a valid URL