Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուժերը հետաքննում են այս փաստը։
2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, գրավել 2054.0 նիշով բարձրությունը (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներական սարքավորումը։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։
Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Շուշիի, Մարտունու և Մարդակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Գորիս — Ստեփանակերտ երթուղով ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։