Գեղարքունիքի մարզում այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Սեւան բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ Վարսեր գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի Հրազդան-Սեւան ՊԿ 6-7- 80 կմ հատվածում՝ Վարսեր բնակավայրի վարչական տարածքում, երկաթգծից 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի:
Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպեր-լիազոր Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Սամվել Վ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ժամը քանիսին է նշված հատվածով գնացքն անցել: Օպերատիվ են գործել Սեւանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նաեւ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին մի քաղաքացու, ում ինքնազգացողությունը վատացել էր:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի փաստով էլ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: