ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչ հաջորդ դատական նիստը կվերադառնա Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Քոչարյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։
«Նախագահ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 18-ին, մինչ այդ նախագահը կվերադառնա Հայաստան»,- ասաց Միկոյանը։
Նշենք, որ ՀՀ 2-րդ նախագահն անցնում է «Սիլվայի գործով»։
Փետրվարի 14-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր Քոչարյանի վատառողջ լինելու պատճառով։ Այդ ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ շուրջ 5 օր անհրաժեշտ կլինի, որպեսզի նախագահը բուժում ստանա։ Մարտի 7–ին Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան` առողջական խնդիրների պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 18-ին։
Հիշեցնենք` ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։