Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում: Հատված ծառերը անմիջապես կփոխարինվեն նոր՝ Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ օրեր առաջ քաղաքապետարանում տեղի է ունեցել մասնագիտական խորհրդատվություն, ոլորտի տարբեր շահագրգիռ մարմինների և նեղ մասնագետների մասնակցությամբ:
«Քանի որ Երևանում կան տասնամյակներ առաջ տնկված ու մասնագիտորեն հիմնավորված ոչ կենսունակ ծառեր, խնդիր է դրված, որպեսզի քաղաքապետարանը փոխարինի, թարմացնի նոր, ավելի կենսունակ և Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով: Եվ դա արվում է ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ, տեղեկացմամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում»,- նշեցին քաղաքապետարանից:
Այժմ քաղաքում կան մի շարք ծառեր, որոնց արմատային համակարգը գնում է չորացման:
«Եվ, ելնելով այդ անհրաժեշտությունից, քաղաքում մեկնարկել է նշված ծառերի փոխարինման պրոցես։ Այդպիսի ծառերը նաև վտանգ են ներկայացնում, քանի որ ուժեղ քամու կարող են շրջվել և մարդկանց կյանքի համար վտանգ ներկայացնել: Հատված ծառերը արմատախիլ կարվեն և անմիջապես կփոխարինվեն նոր ծառերով»:
Քաղաքապետարանից ընդգծեցին, որ նաև ուսումնասիրվել են, թե որ ծառատեսակներն են, որ Երևանի պայմաններում ավելի կենսունակ և դիմացկուն կլինեն ու երկար տարիներ կծառայեն:
Հիշեցնենք, որ քաղաքացիներից շատերը սոցցանցերի իրենց էջերում տեղադրել էին նկարներ և ահազանգել, որ քաղաքապետարանը ծառեր է հատում: