Search
Close this search box.

Ստեփանակերտում բացառում են արցախահայության ու Ադրբեջանի համատեղումը

Արցախում արցախահայերն ու ադրբեջանցիները որոշակի ժամանակահատված ապրել են, բայց երբեք միմյանց ինտեգրված չեն եղել, և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող՝ «ինտեգրացիա» կոչված թեզը երբեք իրողություն չի եղել, արցախահայության ու Ադրբեջանի համատեղումը բացառված է։

Այս մասին հայտարարեցին Արցախի պաշտոնյաները՝«Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսի ընթացքում:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց՝ ադրբեջանական կողմի՝ վերաինտեգրման վերաբերյալ ձևակերպման վերաբերյալ Արցախի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է: «Արցախը շարունակելու է իր պայքարը իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ երկար տարիներ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են բանակցություններ, և 3 գերտերություն՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, երկար տարիների ուղեկցում են այս բանակցային գործընթացը, մեր համոզմամբ՝ նրանք մինչև օրս պարտավորություն են կրում ստեղծված իրավիճակի համար»,-ասաց նախարարը:

Ղազարյանը հիշեցրեց վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից բազմաթիվ սադրանքների մասին: «Հայկական կողմի հիմնավորումներն այնքան շատ են, որ յուրաքանչյուրի, այդ թվում՝ միջազգային գործընկերների համար էլ շատ պարզ, տեսանելի ու հասկանալի է, որ չի կարող արցախահայության ու Ադրբեջանի համատեղում լինել, սա ուղղակի բացառված է»,-շեշտեց ԱԳ նախարարը:

Նա վստահեցրեց՝ չնայած շրջափակման պատճառով ստեղծված բոլոր դժվարություններին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընտրած ճանապարհին և գործադրելու է բոլոր ջանքերը, նաև ակնկալում է աշխարհասփյուռ հայրենակիցների, բոլոր գործընկերների ակտիվ մասնակցությունն այդ պայքարում:

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն էլ հայտարարեց, որ Արցախի իշխանությունները աշխատելու են՝ խնդրի ծագումնաբանությունը, էությունը միջազգային հանրությանը լիարժեքորեն հասցնելու ուղղությամբ: Ըստ նրա՝ դա պետք է կատարվի ՀՀ իշխանությունների, գործընկեր կառույցների միջոցով, հնարավորության դեպքում՝ նաև Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միջազգային դերակատարների հետ ուղիղ հաղորդակցվելու և խնդիրը ներկայացնելու ձևով:

«Ադրբեջանի կողմից ռեինտեգրացիայի տերմինի օգտագործման առումով պետք է հստակ ներկայացնել մեր դիրքորոշումը, որը կրկին հիմնված է խնդրի ծագումնաբանության և 20-րդ դարասկզբից մինչև Արցախյան շարժումը սկսելու ժամանակաշրջանը տեղի ունեցած իրադարձությունների վրա: Եվ դրա ուղիղ հակափաստարկն այն է, որ, այո, Արցախում արցախահայերն ու ադրբեջանցիները որոշակի ժամանակահատված ապրել են, բայց նրանք երբեք միմյանց ինտեգրված չեն եղել: Այդ ամբողջ ժամանակահատվածում արցախահայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ազգային պատկանելիությամբ պայմանավորված տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ: Եվ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այդ թեզը՝ «ինտեգրացիա» կոչվածը, երբեք իրողություն ու իրականություն չի եղել՝ 20-րդ դարից սկսած»,-ասաց պետնախարարը:

Նա ընդգծեց՝ դա միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր ցանկություններն իրականություն դարձնելու Ադրբեջանի կեղծ պնդումներն են: Այսպիսով՝ նա կրկին կարևորեց միջազգային հանրության հետ աշխատանքը:

Please enter a valid URL