«Օրենքով գողի» ցուցումով Հայաստանի տարբեր ՔԿՀ–ներում որպես «գրեֆ» 1,5 մլն դրամ, ծխախոտ ու թեյ է հավաքվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` «օրենքով գող» Է.Ջ-ի հստակ դերաբաշխմամբ` քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամներ ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված «գրեֆի» շրջանակում տարբեր անձանցից ստացել են մոտ 1.500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 դրամ կանխիկ գումար։
Նշվում է, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն և Ա. Մ-ն նշված գործողությունները կատարել են 2021թ. դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։
«Է.Ջ-ի ցուցումով Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 դրամը, իսկ մնացած գումարը ծախսել իր սեփական կարիքների համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, 2021թ. նոյեմբերին Ստեփանավանի բնակիչը գումարային հարցի շուրջ վեճ է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին։ Նա փորձել է հարցին լուծում տալ` ներկայանալով որպես «գողական տղա»:
«Այն բանից հետո, երբ Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ի հեղինակությունը չի ճանաչում, Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն, Ա.Մ.-ն և այլ անձինք հանդիպել են նրան, ծեծել հնչեցրած տեսակետի համար, որից հետո Է.Ջ-ն լուծել է վեճը»,– տեղեկացնում են ՔԿ–ից:
Պարզվում է, որ մի շարք քաղաքացիներ նաև Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին դիմել են տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի համար։ Վերջիններս կազմակերպել են նշված գումարները վերադարձնելու գործընթացը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով։ ՔԿ–ի տեղեկություններով` որոշ դեպքերում գումարի կեսը յուրացվել է վերջիններիս կողմից:
Ա.Ն.-ն նաև իրականացրել է տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ՝ հետևելով, որ պահպանվեն «իրենց հասկացությամբ ճիշտ ապրելակերպի կանոնները»:
«2022թ. փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։ Այնուհետև Ա.Ն.-ն և Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց և քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է։ Պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ՝ ապտակել են նրան»,– նշված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Այսպիսով` ենթամշակույթ կրող խմբավորման վերոնշյալ 4 անդամներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
«Օրենքով գող» Է.Ջ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, հայտարարվել է հետախուզում։
Է.Ջ.-ն հայտնաբերվել է Իսպանիայում և ձերբակալվել։ Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում նրա տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար։