«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քվեարկությանը, Ազգային ժողովում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Համարում ենք, որ հարցի քննարկումից հետո անհրաժեշտ չի քվեարկության մասնակցելը, որովհետև լեգիտիմ չենք համարում այն մեղադրանքները, որոնք հնչել են»,- ասաց Կոնջորյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սեդա Սաֆարյանը սահմանված ժամկետում պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել է իր՝ որպես ձեռներեց գործունեության դադարեցման վերաբերյալ։
«Դա նշանակում է, որ Սեդա Սաֆարյանը պետությանը պատշաճ կերպով իրազեկել է, որ այլևս դադարում է զբաղվել փաստաբանական ծառայություններով։ Շեշտեմ, որ էական խախտում չկա և դրա հիմքով է, որ չենք մասնակցելու այդ քվեարկությանը։ Եթե լիներ էական խախտում, մենք շահագրգռված կլինեինք ընթացակարգերին հետևողական լինելու»,- եզրափակեց Կոնջորյանը։
«Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Նախագծի համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, նաև մամուլում այլ հրապարակումները, ըստ որի՝ Սեդա Սաֆարյանը, ընտրվելով ՍԴ դատավոր, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։