Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել էր, որ վերջիններս ձերբակալվել են կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։
Հայտնի է սակայն, որ Մեջլումյանն ու Դալլաքյանն անցնում են ենթադրյալ չարաշահումների գործով, որը վերաբերում է նրանց՝ քաղաքապետարանում գործունեությանը։ Հարցաքննվել է նաև ՔՊ անդամ, Երևանի քաղաքապետարանի Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանը։
Առայժմ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի հարցաքննվել, իրավապահները դեռ ուսումնասիրում են նրա հնարավոր մասնակցությունը։
Նշենք, որ Սեյրան Մեջլումյանը Սարգսյանի մտերիմներից է։ Վերջինիս՝ քաղաքապետ ընտրվելուց հետո էր աշխատանքում առաջնթաց ունեցել։ Սարգսյանի հրաժարականի հետ մեկտեղ Մեջլումյանը ևս ազատման դիմում էր գրել։
Ի դեպ չի բացառվում, որ հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ ևս ներգրավվեն։