Մարտի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, որը շարունակվում է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պետքարտուղար Բլինկենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին պետքարտուղարը հայտարարել էր, որ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է։
«Ես այսօր խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ: Վերահաստատել եմ ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր Բլինկենը։