«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Տեղեկությունը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Կոնջորյանն ասաց, որ հունվարի 23–ից հետո, երբ ՄԻՊ–ի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանը, մանրակրկիտ դիտարկել են տարբեր թեկնածուների ու փորձել գտնել լավագույն թեկնածունին։
«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,– ասաց Հայկ Կոնջորյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ընտրել են իշխանությանը լոյալ թեկնածու։
«Մենք շատ պաշտոններում ընտրել ենք այնպիսի թեկնածուների, որոնք հանդես են եկել ու շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնք այդքան էլ իշխանության սրտով չեն»– ասաց Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ Անահիտ Մանասյանը համապատասխանում է սահմանված նորմերին։