Search
Close this search box.

Հրամանատարը կապիտանի մասին բացասական բնութագիր է տվել այն դեպքում, որ նրան մեդալ էր շնորհել ՊՆ նախարարը. Փաստաբան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով առանցքային մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբանը նրա խափանման միջոց կալանքը բողոքարկող միջնորդություն կներկայացնի դատարան։

Նշենք, որ կապիտան Հակոբյանին է մեղսագրվում բենզինն անզգուշությամբ վառարանի մեջ լցնելու արարքը, ինչը հանգեցրել է 15 զինծառայողի մահվան։

News.am-ի հետ զրույցում պաշտպանն անհիմն համարեց կալանավորման որոշումը, որի նպատակը, ըստ նախաքննական մարմնի, այն է, որ Հակոբյանը չկարողանա խոչընդոտել քննության ընթացքին։ Պաշտպանի համար է հարց է, թե ինչ խոչընդոտման մասին է խոսքը, եթե Հակոբյանը պատրաստ է համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ։

«Հակոբյանը երկու ամիս ազատության մեջ է եղել, շփումներ է ունեցել, եւ որեւէ խոչընդոտման հանգամանք հայտնի չի եղել։ Բացի այդ էլ համաձայնություն է տվել աջակցելու նախաքննական մարմնին, ցուցմունք է տվել։ Բայց ցուցմունքը կիսատ է մնացել, մինչեւ հիմա չեն էլ լրացրել։ Կարծես նախաքննական մարմնի ամբողջ նպատակը կալանավորումը լինի։ Մտավախություն ունեմ, որ քննությունը նորմալ չի ընթանում։ Կալանքով բավարավեցին, փորձաքննության պատասխանները կգան, գործը կուղարկեն դատարան, կասեն՝ Եղիշեն էր մեղավոր ու գործը կհամարեն փակված, բայց այդ գործով այնքան հանգամանքներ կան պարզելու, թե օրինակ ինչպես ստացվեց, որ տղաները մահացան շմոլ գազից, իսկ Եղիշեն ողջ մնաց»,- նշեց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ քննությունը շատ թերի է ընթանում, դեպքի հանգամանքները բացահայտված չեն։ Պարզված չէ՝ ինչպես չեն կարողացել 15 զինծառայողները դուրս գալ հրդեհի պահին։ Փաստաբանը նկատում է նաեւ, որ բացի Եղիշե Հակոբյանի ցուցմունքից ուրիշ ոչ մի ապացույց չկա, որ ինքն է թեժացրել վառարանը։ Ողջ մնացած զինծառայողները Եղիշեի պատմածի հիման վրա են ասել, որ իրենք նման բան են տեսել։

«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Եղիշե Հակոբյանի զորամասի հրամանատարը, որն այժմ ազատված է աշխատանքից, բացասական բնութագիր է տվել նախաքննական մարմնին, այն դեպքում, երբ վերջին վեց ամսում Եղիշե Հակոբյանն առնվազն երկու անգամ մեդալ է ստացել ծառայության համար՝ Հայաստանի եւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարներից։ Զորամասի հրամանատարը գրել է, թե իբր նա անկարգապահ է, գիտելիք չունեցող, վատ զինծառայող, մարտական ուղին էլ նշված չէ։ Հանրությանը բարեխիղճ մոլորության մեջ են դրել։ Եղիշեն այրեց կացարանը, բայց տղաները դրանից մահացա՞ն, թե հրդեհից առաջ այնպիսի վիճակում են եղել, որ չեն կարողացել դուրս գալ։ Իրենք պետք է դուրս գային կացարանից, իսկ հարցի պատասխանը, թե ինչու չեն կարողացել դուրս գալ, որեւէ մեկը չի կարողացել գտնել»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրվում են հինգ սպաներ։ Թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, ինչն առաջացրել է 15 զինծառայողների մահը, եւս կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։

Հավելենք, որ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։ Տղաներից որոշները ողբերգությունից օրեր առաջ ծնողներին ասել են, որ իրենց եւ սպաներից մեկի միջեւ ծեծկռտուք է եղել։

Please enter a valid URL