Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում երեկ՝ մարտի 20-ին, նորածնի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Մարտի 20-ին, ժամը 15։30-ին քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին նշված տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»,- ասաց Գաբրիելյանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: