«Գոյ» թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել՝ դիմելով գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին ու նշել, որ թատրոնն աջակցության կարիք ունի, քանի որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է լուծարել կառույցը:
«Հրավիրում ենք 2023-ի մարտի 23-ին ժամը 12:00-ին գալ «Գոյ» թատրոն՝ ի աջակցություն մեզ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Թատրոնին աջակցելու պատրաստակամություն են հայտնել դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, դրամատուրգ, դերասան Վահրամ Սահակյանը, երգահան, երգիչ, գրող Քրիստ Մանարյանն ու այլք: Նրանք տեսաուղերձներ են հրապարակել համացանցում և պատմել թատրոնի ստեղծման, բարի ավանդույթների, նվաճումների ու յուրահատկությունների մասին:
«Գոյ» թատրոն-լաբորատորիայի ստեղծման պատմությունն սկսվում է վաղ 1988 թվականից: Այն հիմնադրվել է թատերական գործիչների միությանը կից՝ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ: Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում է սկսվել Արսեն Աբրահամյանի, Սամսոն Ստեփանյանի և Արթուր Սահակյանի համագործակցությունը: Այն շարունակվում է «Կամերային» թատրոնում, որտեղ 1981-ից ստեղծագործում էր նաև Արմեն Մազմանյանը: Այստեղ էլ չորս ռեժիսորները, միմյանց համախոհներ գտնելով, 1988-ին հեռանում են «Կամերային»-ից՝ իրենց թատրոնը ստեղծելու նպատակով: Համախմբվում են, փոխանակվում մտքերով և, հաստատվելով Մայր թատրոնի ձեղնահարկում՝ սկսում են «թատրոն կառուցել»: 1988 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրվում է թատրոնի բացման հրամանը, սակայն մեկ շաբաթ անց վրա է հասնում տարերային աղետը՝ Սպիտակի երկրաշարժը: «Գոյ»-ի անձնակազմը մեկնում է աղետի գոտի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքների: Կարճ ժամանակահատվածում բեմադրվում են Թումանյանի հեքիաթները: Մոտ երեք ամիս խաղում են ներկայացումը և հույս ու հավատ ներշնչում անօթևան մնացած բազմահազարանոց մարդկանց: 1989 թվականի մարտի 1-ին լաբորատորիան բացում է իր դռները լայն հասարակության համար: Թատրոնի հիմնադիրները սկզբից իրենց տեսնում էին որպես ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, Խորենացու վկայաբերած «երգ ցցոց ու պարոցի» հիմքով թատրոն-լաբորատորիա: Ժամանակի ընթացքում թատրոնն իր առջև գեղարվեստական հստակ խնդիրներ է դնում. համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, թատերական ավանգարդ պրոցեսներով առաջնորդվել և ստեղծագործել «Գոյ»-ի բեմում: