Արցախի օկուպացված Թալիշ գյուղում, որտեղ ըստ Բաքվի զլմ-ների՝ վերաբնակեցվել են «ներքին տեղահանված ադրբեջանական ընտանիքներ», ցապարների ցեղապետ Ալիեւը կրկին բացել է իր գարշահոտ բերանը եւ պայմաններ դրել «ժողովրդական Հայաստանին» պաշտպանող հավաքական Արեւմուտքին։ Ինչ է ասում ցապարների ցեղապետը․
«Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, եւ այստեղ ենք լինելու հավերժ։ Ադրբեջանցի ժողովուրդն իրավամբ ապրում է հպարտության զգացումով։ Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները։ Իրողությունները՝ կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետպատերազմյա իրողությունները պետք է գտնեն եւ կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության բանակցություններում։ Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի։
Որոշ երկրներում ինչ-որ համաժողովներ են կազմակերպվում, գիտաժողովներ՝ կապված Ադրբեջանի ներքին գործերի հետ։ Որոշ հայամետ երկրներ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի անկախությունը», որը աշխարհի քարտեզին գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի տարածքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ օկուպացիայի ժամանակ այդ բոլոր ուժերի միակ նպատակն օկուպացիան հավերժ դարձնելն էր։ Չլուծել այդ հակամարտությունը, այլ սառեցնել այն»։ Նա գանգատվել է նաեւ, որ «Հայաստանի հովանավորները տեղեկատվական պատերազմ են վարում Ադրբեջանի դեմ»։
Այսպիսով, Ալիեւը հայտնել է ՀՀ տարածքի, ներառյալ Արցախը, հանդեպ հավակնությունների, «Արեւմտյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի» մասին՝ «օկուպացիայի եւ հետպատերազմյա իրողությունների» հիման վրա։
lragir.am