Հակառակորդի դիրքերից ընդամենը մեկ կիլոմտեր հեռավորության վրա գտնվող Վերին Շորժա համայքնում այս տարի, ինչպես նախորդ տարիներին նույնպես կիրականացվեն գյուղատնտեսական աշխատանքներ: NEWS.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ չնայած վտանգը շատ մեծ է, հակառակորդը շատ մոտ է, սակայն այլընտրանք չունեն, գյուղատնտեսական աշխատանքներ ամեն դեպքում կիրականացնեն:
«Գյուղատնտեսական աշխատանքների համար դեռ շուտ է մեզ մոտ, ձյուն կա, բայց ապրիլի վերջին կսկսենք իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները: Շատ վտանգավոր է, թշնամին զենքը ձեռքին նստած էմեր դիմաց, ամեն րոպե կարող է կրակի, ինչ պիտի անենք, հո մեր հողը չենք թողնելու անմշակ: Պետք է մտածենք՝ ոնց պետք է մեր աշխատանքները անվտանգ կազմակերպել: Մենք ամեն գնով պետք է մեր հողն ու ջուրը չթողնենք, որ թշնամին չտեսնի՝ մենք պարտված ենք, եկամուտը մի կողմ դրած, բայց ամեն դեպքում պետք է մշակենք, որ թշնամին տեսնի՝ մենք մեր հողը մշակում ենք, չենք հեռանում»,- ասաց նա:
Համայնքապետի խոսքով՝ հողամասերը, որոնք պետք է մշակեն գյուղացիները, ավելի մոտ են գտնվում թշնամուն՝ 500, երբեմն էլ 400 մետր հեռավորության վրա:
«Մեր սահմանապահն էլ անմիջապես իրենց դիմացն է կանգնած, մոտ 50-100 մետրի վրա»,- նշեց նա:
Վերին Շորժա համայնքն ունի մոտ 400 հա վարելահող, գյուղում զբաղվում են նաեւ անասանապահությամբ, ինչն, ըստ գյուղապետի, հողագործությունից ավելի վտանգավոր է դարձել:
«Անասանպահության դեպքում ամբողջ օրը պետք է դաշտում լինես, դիմացդ էլ զինված թշնամին է, չենք կարող ասել՝ ինչ կպատահի»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ «Թաթոյան» հիմնադրամը հայտնել էր, որ Վերին Շորժայի սարատեղիի հատվածում, ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռեւս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից եւ այլն։
2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետեւանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաեւ Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ եւ այլ գյուղերի համար։
Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ: