Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների համար այդ քաղաքացիությունը դադարեցնելու մասին՝ Ռուսաստանի ՆԳՆ-ում դրա վերաբերյալ հայտարարություն տալու օրվանից, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Լեոնիդ Կալաշնիկովը (ՌԴ Կոմկուս), Սերգեյ Կաբիշեւը (Արդար Ռուսաստան), Սերգեյ Լեոնովը (ՌԼԴԿ) եւ Արտյոմ Տուրովը (Միասնական Ռուսաստան)։
«Գործնականում այս մեխանիզմի կիրառումը պետք է ՌԴ այդ քաղաքացիների համար ապահովի աշխատանքի տեղավորման իրավունքի իրականացում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում… ուսուցում կրթական կազմակերպություններում, որոնք նախատեսում են դիմորդների հասանելիություն պետական գաղտնիքի հարցում, ինչպես նաեւ այլ հարցերի կարգավորում, որոնց լուծման դեպքում Ուկրաինայի քաղաքացիությունը սահմանափակիչ գործոն է հանդիսանում»,- նշվել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացությունում։
Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացի լինել չցանկանալու հայտարարությունը տալու օրվանից ՌԴ քաղաքացին պարտավոր է չկատարել գործողություններ՝ «կապված Ուկրաինայի քաղաքացիների համար նախատեսված իրավունքների իրականացման եւ պարտականությունների կատարման հետ»։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում տրվում է եզրակացություն, որով Ուկրաինայի քաղաքացիության դադարեցումը համարվում է անվավեր։
«Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու երկրորդ հայտարարությունը քաղաքացին իրավունք ունի անել այդ եզրակացությունից 10 տարի հետո»,- նշվել է Դաշնության խորհրդի կոմիտեի եզրակացությունում։