Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանին, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահ, 2 ամսով կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:
Նա նշեց, որ որոշումն անօրինական է եւ իրենք այն բողոքարկելու են:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Կապիտան Եղիշե Հակոբյանը մեկ ամսից ավելի բուժում էր ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ մաշկի փոխպատվաստման էր ենթարկվել։ Նրան մարտի սկզբին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Նա ձերբակալման պահին հոսպիտալում էր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։
Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտան Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։