Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո ավագանու կողմից նոր քաղաքապետի ընտրությունը պարտադիր չէ, այդ ընթացակարգի մասին հավելյալ պարզաբանումներ կարող են լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետի պարտականությունները կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
«Արձանագրենք մի բան, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով գործադիրում ճգնաժամ չի առաջանում, որովհետև քաղապետի պարտականություններն իր բացակայության ժամանակ, այդ թվում և այս պահին, կատարում է իր առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ով, կարծում եմ, ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, և կառավարչական բաց, որպես այդպիսին, առաջանալ չի կարող», — ասաց Խաժակյանը։