Ես կարծում եմ, որ առհասարակ թույլ ենթախմբեր չեն լինում։ Մեր խմբի ֆավորիտը սակայն, կարծում եմ, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականն է։ Այլ ուժեղ հավաքականներ էլ կան իրականում, օրինակ կուզեի խոսել Ուելսի մասին, որի հետ ես՝ որպես Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ, մրցել ու պարտվել եմ։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ ինչ-որ տեղ մեր բախտը բերի հենց առաջին իսկ խաղից սկսած։ Սա սպորտում երբեմն շատ կարևոր ու առաջնային է։
Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Առաջին օրվանից, երբ ժամանեցի Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ։ Սկզբում չստացվեց, հետո ես սկսեցի հետաքրքրվել նրա մասին «Շախտյորից», որտեղ Հենրիխը նույնպես խաղացել է։ Տարբեր աղբյուրներից ինձ ասացին, որ Հենրիխը չի ուզում վերանայել իր որոշումը ու հավատարիմ է մնալու իր որոշմանը։ Ես իմ օգնականին՝ Բերեզովսկուն, որը խաղացել է Հենրիխի հետ, խնդրեցի խոսել նրա հետ՝ հասկանալու համար՝ ի վերջո ինչ դիրքորոշում ունի։ Մխիթարյանը Բերեզովսկուն նույնպես ասել է, որ չի պատրաստվում փոխել իր կայացրած որոշումը։ Մենք բոլորս պիտի հարգենք նրա որոշումը, քանի որ նա Հայաստանի համար իրոք եզակի ֆուտբոլիստ է։ Ես անձամբ նրան չեմ ճանաչում, բայց շատ եմ լսել, որ լավ ֆուտբոլիստ լինելուց բացի նայի հիանալի մարդ է։ Մենք, նորից եմ ասում, պիտի հարգենք նրա որոշումը»,- հավելեց նա։