Հակակոռուպցիոն կոմիտեն Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի լիազորությունների կասեցնելու միջնորդություն չի ներկայացրել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Նախաքննությունը շարունակվում է: