Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի նկատմամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:
Մասնավորապես՝ 2008-2010 թվականների ընթացքում Ա.Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է Ընկերության կառավարմանը: Այդ գործունեության, ինչպես նաև քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, այլ ենթադրյալ անօրինական գործունեության արդյունքում (Ա.Հ.-ի և նրա ընտանիքի անդամների ունեցած օրինական եկամուտների ու գույքային դրության միջև կա ակնհայտ անհամապատասխանություն) ստացված գումարների իրական բնույթն և հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող, 75 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2012 թվականին 120 մլն դրամով՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող անշարժ գույքերը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2013 թվականին 204 մլն 250 հազար դրամով՝ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (գրանցվել է իր և կնոջ սեփականության իրավունքը), իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է ք.Երևան, Մոսկովյան փողոցում գտնվող 207.9 քմ տարածքը, գրանցվել է դստեր սեփականության իրավունքը):
Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում իր և կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր (ինչը կարող է իրավասու մարմինների ուսումնասիրության առիթ և առարկա դառնալ)՝ դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2014 թվականին ձեռնամուխ է եղել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի նկատմամբ իրավունքները և դրանց իրական պատկանելությունը թաքցնելուն՝ դրանք նվիրատվության ու առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարելով մտերիմներին:
Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը և 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը:
Բացի այդ, Ա.Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թվականներին ՀՀ ոստիկանության պետ Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ լվացել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը:
Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով Ներքին գործերի նախարարության Սևանի, Արմավիրի բաժինների պետի, Ներքին գործերի նախարարի տեղակալի, ՊՆ ռազմական ոստիկանության պետի, Պաշտպանության նախարարի տեղակալի, ապա՝ Ոստիկանության պետի պաշտոնները, 2008-2018 թվականների ընթացքում տիրապետել, օգտագործել, տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցանքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գումար: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վ.Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում իրավապահ մարմինների ուշադրություն կենտրոնում հայտնվելուց և հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու նպատակով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի մի մասի ծագումը թաքցնելու հարցում աջակցելու համար 2013 թվականին դիմել է իր անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները փաստացի կատարող Ա.Հ.-ին՝ հանձնարարելով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել տրանսպորտային միջոցներ և դրանք հաշվառել իր անվամբ:
Նշված հանձնարարության հիման վրա՝ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Ա.Հ.-ն Վ.Գ.-ի կողմից հատկացված 71 մլն 556 հազար դրամով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz G 500» մակնիշի ավտոմեքենա, իսկ 2014 թվականի հունվարի 10-ին Վ.Գ.-ի կողմից հատկացված 80 մլն 200 հազար դրամով նույն ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենա՝ դրանք հաշվառելով իր անվամբ:
Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151 մլն 756 հազար դրամ ընդհանուր արժողության գույքը՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը:
Բացի այդ, Ա.Հ.-ն 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում՝ դիտավորությամբ թաքցրել և դրանում չի ներառել 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:
Վերոգրյալի հիման վրա՝ հսկող դատախազի որոշմամբ Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):
Վարույթն իրականացնող քննիչը, մինչդատական վարույթում հավաքված ապացույցների գնահատման արդյունքում գալով այն հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, հայտնել է նախաքննության ավարտ:
Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել էր, Ա.Հ.-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումը ճանաչվել է անբավարար, ինչի արդյունքում Ա.Հ.-ն կալանավորվել է (շարունակում է գտնվել կալանքի տակ):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազություն