Search
Close this search box.

«Հրապարակ». Ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը

«Հրապարակ»թերթը գրում է.

Հարցազրույց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ.

— Պետնախարարի պաշտոնից Ձեզ հեռացնելուց անցել է 20 օրից ավելի։ Թվում էր, թե Ձեր հեռացումից հետո Ադրբեջանը գոնե մասնակիորեն կբացի ճանապարհը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչո՞վ եք դա բացատրում։ Այսօր ի՞նչ գնահատական կտայիք Ձեր հեռացման քայլին։ Արդյո՞ք փետրվարի 23-ին Ձեր ասածն ուժի մեջ է, թե՞ այսօր այլ կերպ կմեկնաբանեք Ձեր հեռացումը։

— Ես փետրվարի 23-ին էլ ասացի, որ ինձ պաշտոնից ազատելը ճիշտ քայլ չէ, քանի որ ինձ համար պարզ էր, որ այն չի լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները եւ մարտավարական տեսանկյունից սխալ է: Առավել եւս, որ հանրության զգալի մասի մոտ համոզմունք կար, որ որոշումը նաեւ արտաքին պարտադրանքի արդյունք էր։ Իմ գնահատականն այսօր էլ նույնն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա բոլորս շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը ճանապարհը բացելը կամ չբացելը չէ: Ադրբեջանի իրական նպատակն Արցախում էթնիկ զտումն է: Ես անգամ չեմ ուզում արտաբերել ադրբեջանական կողմի տերմինը, որը նրանց իրական նպատակի հետ ոչ մի կապ չունի: Դա նրանք հատուկ են օգտագործում՝ նաեւ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Եվ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այն, թե ինչպես ենք դիմակայելու այդ մարտահրավերներին:

— Դուք աննահանջ պայքարի կողմնակից եք։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի պահվածքը եւ ի՞նչ լուծում եք տեսնում այս պահին։ Ձեր ասած պայքարը կոշտ մեթոդներ չի՞ ենթադրում։ Արդյո՞ք բաց թողնված հնարավորություններ չկան բլոկադայի առաջին փուլում։ 

— Ես անկախ, արցախցիների ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախի կողմնակից եմ: Իսկ դրա համար մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, պետք է պայքարենք: Պայքարը, նախեւառաջ, սեփական արժանապատվությունը պաշտպանելու պատրաստակամությունն է: Առիթներ ունեցել եմ ասելու եւ կկրկնեմ. իմ ընկալումով պայքարը նշանակում է՝ գտնել մեր ամենախոցելի տեղերը եւ դրանք նվազագույնի հասցնել, ինչպես նաեւ գտնել մեր առավելություններն ու դրանք ուժեղացնել: Ու սա պետք է դառնա մեր կյանքի գերակայությունը: Այսինքն, անենք քայլեր, որոնք մեզ ավելի ուժեղ են դարձնելու. դա նաեւ արդյունավետ կառավարումն է, դա Արցախում անարդարության շատ սուր զգացողության հաղթահարումն է, որի ճանապարհը, իմ համոզմամբ, որոշումների ընդունման թափանցիկությունն է, դա  ժողովրդի հավատի  ու վստահության վերականգնումն է ոչ միայն սեփական ուժերի, այլեւ՝ առաջնորդների նկատմամբ: Սրանք մեր ժողովրդի իմունիտետի բարձրացմանն ուղղված քայլերն են: Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ մեզ այս ամենն օդի պես անհրաժեշտ է, քանի որ երբ մենք հոգեպես ընկճված ենք, չենք հավատում ոչնչի, մեզ ավելի հեշտ է կոտրելը: Մեզ համար հիմա շատ կարեւոր է գաղափարի շուրջ համախմբելը: Երբ հստակ նպատակ ունես, գիտես հանուն ինչի ես պայքարում, դա մեծ ուժ է տալիս: Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Հուսով եմ, որ նախեւառաջ Արցախի ղեկավարության համար այդ «կարմիր գծերը» միշտ անխախտելի են լինելու։ Ու մենք հետեւողական ենք լինելու,  որպեսզի հայտարարված  «կարմիր գծերը» պահպանվեն, քանի որ դրանց ցանկացած խախտում բերելու է հայկական Արցախի կորստի: Ինչ վերաբերում է  բլոկադայի առաջին փուլին, ապա, բնականաբար, այն շատ  բարդ էր` ցուրտ ձմեռ, գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի անջատումներ, պարենային, առողջապահական ճգնաժամ, ամեն օր ի հայտ եկող  նոր խնդիրներ, բայց չէի ասի, որ եղել են բաց թողնված հնարավորություններ: Բազմաթիվ նվիրյալ մարդկանց օրուգիշեր աշխատանքի շնորհիվ ոչ միայն հաջողվեց խուսափել կոլապսից, այլեւ համակարգային աշխատանք իրականացնել, օրինակ, ինվենտարիզացիա անել, հասկանալ՝ ինչ ունենք եւ ինչ չունենք, մի շարք ուղղություններով տվյալների բազաներ ստեղծել, որոնք, իհարկե, թույլ են տալու հետագայում ավելի արդյունավետ կերպով ծրագրեր իրականացնել:

— Դուք ջանքեր գործադրեցիք՝ դիմելու միջազգային հանրությանը, հեղինակավոր լրատվամիջոցներին հարցազրույցներ տվեցիք, եղավ Հաագայի դատարանի որոշումը, սակայն իրավիճակը չփոխվեց։ Շարունակում եք մտածել, որ հարցի լուծումը միջազգային ճնշո՞ւմն է, թե՞ մենք միայն մեզ վրա պետք է հույս դնենք։

— Միշտ եմ ասել, որ առաջին հերթին, իհարկե, մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք ու աշխատենք բոլոր ուղղություններով: Նախ, մենք  պետք է պատրաստ լինենք պայքարի, ինքներս մեզնից կախված ամեն ինչ անենք, ցույց տանք աշխարհին, որ ողջ ուժով պայքարում ենք մեր կենսական նպատակի համար, հետո միայն  աջակցություն ակնկալենք: Ձեռքերը  ծալած նստողներին սովորաբար ոչ ոք չի ուզում օգնել: Օգնում են այն ժամանակ, երբ դու 100 տոկոսով ներդրվել ես արդեն: Համոզված եմ, որ այսպիսի մտածելակերպ որդեգրելով, մենք շատ բանի կհասնենք: Ես  կտրականապես չեմ ընդունում այն մոտեցումները, թե մենք փոքր ենք, թույլ ենք, չենք կարող: Սա ինձ համար անընդունելի է: Ընդհակառակը՝ ժողովրդին հավատ ու վստահություն պետք է ներշնչել ու ճիշտ առաջնորդել: Շրջափակման ժամանակ ես տեսա եւ հիմա էլ տեսնում եմ, թե որքան անկոտրում է արցախցին, ինչ ուժ ու տոկունություն ունի: Այսպիսի ժողովուրդ ունենալով՝ անհնար  է չհաղթել: Ոգի ու կամք ունեցող, սեփական հողի վրա իր ապրելու իրավունքի համար պայքարող ժողովրդին անհնար է կոտրել: Իմ պաշտոնավարման ընթացքում մենք նախանշել էինք 6 ուղղություն, որոնցով արդեն նաեւ որոշակի քայլեր էինք սկսել անել: Դրանք էին՝ Արցախի  սուբյեկտայնության, անվտանգության, պետական եւ ֆինանսական կառավարման, տնտեսության եւ ենթակառուցվածքների, սոցիալ-առողջապահական եւ կրթական, գաղափարախոսական-մշակութային ուղղություններով զուգահեռ աշխատանքները, որոնց իրականացումն ու սիներգիան հանգեցնելու են Արցախի դիմադրողականության բարձրացմանը:  Այդ 3 ամիսների ընթացքում Արցախի վերաբերյալ եղել է մոտ 40 հազար հրապարակում, այդ թվում՝ միջազգային առաջատար լրատվամիջոցներում, աշխարհին հասցվել է, որ Արցախում ապրում է 120 հազար հայ (այլ ոչ թե Ադրբեջանի կեղծ թվերը), դեկտեմբերի 25-ի հանրահավաքի կադրերը տարածվել են աշխարհով մեկ, որին շուրջ 60 հազար մարդ էր մասնակցում: Դա, իհարկե,  ազդեցություն է ունեցել նաեւ միջազգային ասպարեզում: Ես հավատում եմ միայն, որ իրավիճակը հնարավոր է փոխել այս բոլոր ուղղություններով շատ լուրջ, պրոֆեսիոնալ, օրուգիշեր տքնաջան աշխատանքով, համահայկական ներուժի, մեր բարեկամների ներուժի ներգրավմամբ: Մենք իսկապես բարդ խնդրի առջեւ ենք, իսկ բարդ խնդիրները լուծման հեշտ ճանապարհներ չունեն:

— Ի՞նչ շփումներ ունեք այս պահին Արցախի իշխանությունների հետ, Ձեր ներկայությունն Արցախում նշանակում է նաեւ պետական կառավարմանը մասնակցությո՞ւն, թե՞ Դուք միայն հանրային գործունեություն եք ծավալում այս պահին։ 

— Անցած տարի մենք ստեղծեցինք «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» շարժումը՝ Արցախի շուրջ մարդկանց ջանքերը կենտրոնացնելու համար, իսկ հետո հիմնվեց  «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը, որի միջոցով էլ հիմնականում իրականացնում ենք Արցախի աջակցության ծրագրերը: Այս ընթացքում գործակալության նվիրատուների աջակցությամբ ավելի քան 4 մլն դոլարի ծրագրեր են իրականացվել հիմնականում երկու՝ ռազմավարական բնույթի նախաձեռնությունների եւ հանրային նշանակության  ծրագրերի ուղղությամբ: Երկրորդ խմբի ծրագրերն ուղղված են եղել ճգնաժամի պայմաններում Արցախի բնակչության առաջնահերթ խնդիրների լուծմանը: Արցախ տեղափոխվելու ժամանակ իմ նպատակներից մեկն այն էր, որ պետական-մասնավոր համագործակցության արդյունավետ մոդելը կյանքի կոչվի: Հիմա գործակալության կողմից պետություն-մասնավոր գործընկերությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնք վերաբերում են թե՛ Արցախի պետական պահուստի համալրմանը, թե՛ հեռահաղորդակցության ոլորտին, թե՛ էներգետիկ անվտանգության առումով նոր հնարավորությունների ստեղծմանն ու բնակարանային խնդիրների լուծմանը: Այս ծրագրերն իրականացնելու գործում մենք, իհարկե, շարունակելու ենք համագործակցել պետության, տարբեր պետական մարմինների հետ, քանի որ մեզ համար ամենակարեւորն Արցախի զարգացումն ու անվտանգությունն է: Փոքր Արցախում մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Դրանց դիմակայելը համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում է պահանջում: Պետք է ընդունենք, որ միայն կառավարությունն ի զորու չէ իրականացնել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Ի դեպ, ուժերի կենտրոնացման լավ օրինակ էր նաեւ Օպերատիվ շտաբը, որտեղ ընդգրկված էին ոչ միայն  գործադիրի, այլեւ օրենսդիրի, հանրային ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք իրենց ջանքերը միավորել էին՝ ճգնաժամի ժամանակ արդյունավետ լուծումներ գտնելու համար:

— Շատերը սպասում էին, որ Դուք տեղափոխվելու եք Հայաստան եւ այստեղ եք քաղաքական գործունեություն ծավալելու։ Նման մտադրություն չունե՞ք։ 

— Ես Արցախում եմ անցյալ տարվա սեպտեմբերի սկզբից: Նման որոշում կայացրեցի, քանի որ հասկացա, թե որքան մեծ է Արցախը կորցնելու ռիսկը: Մենք պետք է հասկանանք, որ Արցախի խնդիրը միայն արցախահայության խնդիրը չէ, այն ողջ հայկական աշխարհի խնդիրն է, ողջ հայության արժանապատվության հարցը: Պետք է հստակ հասկանալ, որ Արցախը Հայաստանի անվտանգության եւ հետագա զարգացման գրավականը եւ բաղկացուցիչ մասն է։ Այս տեսանկյունից եմ դիտարկում Արցախի նշանակությունը ողջ հայկական աշխարհի համար։ Ինքս ինձ համար որոշեցի, որ իմ ուժերի սահմաններում հնարավոր եւ անհնար ամեն ինչ  պետք է անեմ, որպեսզի Արցախը հայկական մնա, որովհետեւ ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը:  Իմ գերնպատակը սա է: Իմ բոլոր ուժերը կենտրոնացած են այդ ուղղությամբ:

— Առաջիկա խոշոր քաղաքական իրադարձությունը Երեւանի ընտրություններն են։ Կարծիք կա, որ Երեւանում հաղթողի առաջ բացվելու է դեպի իշխանություն տանող ճանապարհը։ Բայց դրա համար հարկավոր է, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի եւ Երեւանում հաղթող թեկնածու առաջադրի։ Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք։ Արդյո՞ք Մանե Թանդիլյանը հաղթող թեկնածու է։ Երեւանում առաջադրվելուն Ձեզ ի՞նչն է խանգարում։

— Մենք  կանգնած ենք Արցախը կորցնելու իրական վտանգի առջեւ: Մենք՝ բոլորս, ամեն ինչ պիտի անենք՝ դա թույլ չտալու համար: Մնացած  ամեն ինչ  այս պահին  անկարեւոր է թվում: Միեւնույն ժամանակ ուժեղ, հզոր, լեգիտիմ եւ պրոֆեսիոնալ մարդկանցով համալրված պետական ինստիտուտներն արդյունավետ կերպով կնպաստեն մեր նպատակների իրագործմանը։ Այս առումով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները, իհարկե, կարեւոր նշանակություն են ունենալու։ Կգա ժամանակը, եւ, համոզված եղեք, կլինեն նաեւ կոնկրետ պատասխաններ եւ լուծումներ։

 

 

Please enter a valid URL