Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատախազությունից:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:
Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար, դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։