Search
Close this search box.

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարությունները.

«Ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերի՝ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։
Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում: Այն մասին, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ և կարիք ունի համապարփակ կարգավորման, բազմիցս հայտարարել են ինչպես առանձին պետությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այնպես էլ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փաստը, որ 2022 թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը, քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը, հերքում է ադրբեջանական կողմի պնդումները, թե հակամարտության հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելու և այն որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծում ներկայացնելու պաշտոնական Բաքվի ձգտումը փորձ է վերադառնալու այն ժամանակաշրջան, երբ ռազմական ուժը գերակայում էր միջազգային իրավունքի նկատմամբ։

Համոզված ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության համապարփակ լուծումը։
Արցախյան կողմը կտրականապես մերժում է Ադրբեջանի փորձերը՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և այն ներկայացնելու որպես ներքին խնդիր: Ավելի քան 90 օր տևող Արցախի շրջափակման ֆոնին, ակնհայտ է, որ այդպիսով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Արցախում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը դեմ հանդես գալիս միջազգային հանրության ներգրավմանը, այդ թվում՝ միջազգային առաքելություններ Արցախ ուղարկելուն, որպեսզի ոչինչ և ոչ ոք չկարողանա խոչընդոտել Արցախն էթնիկ զտման ենթարկելու իր հանցավոր ծրագրի իրականացմանը։

Միաժամանակ, ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել առ այն, թե Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը և շարունակում է զենք ու զինամեթերք մատակարարել Արցախ: Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը և նպատակ են հետապնդում՝ արդարացնելու Լաչինի միջանցքի ավելի քան 90 օր շարունակվող արգելափակումը։

Ընդգծենք, որ Արցախի Հանրապետությունն ունի Պաշտպանության բանակ՝ կազմված տեղի բնակիչներից, որի առկայությունը չի հակասում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության որևէ դրույթի և հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխիքը։ Արցախի Պաշտպանության բանակի դեմ Ադրբեջանի արշավը պայմանավորված է նրանով, որ Բաքուն ձգտում է զրկել արցախահայությանը ինքնապաշտպանության և էթնիկ զտման հանցավոր ծրագրերին դիմակայելու հնարավորությունից։
Ադրբեջանի պնդումները, թե Լաչինի միջանցքը բաց է՝ կեղծիք են: Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանի լսումների ընթացքում Ադրբեջանը հնարավորություն ուներ ներկայացնելու իր բոլոր փաստարկները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, սակայն կողմերի փաստարկները մանրամասն ուսումնասիրելուց հետո, Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին երաշխավորել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերստին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են»։

Աղբյուրը` Արցախի ԱԳՆ

Please enter a valid URL