«Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է մի շարք ռուս գործիչների մուտքը Հայաստան արգելելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Իր թելեգրամյան ալիքում արված գրառման մեջ Սիմոնյանն ընդգծել է, որ երբեք ոչինչ չի ասել «ոչ մի միջանցքի մասին»: Նա հայտարարել է, որ խոսել է և խոսելու է Փաշինյանի մասին, որ նա «դավաճանել է հայ ժողովրդին, վաճառել և դավաճանել է բոլոր հայկական շահերը, որոնք կարող էր դավաճանել և վաճառել, և կվաճառի ու կդավաճանի նրանց, որոնք դեռ չի կարողացել․․․»: Ըստ նրա՝ Փաշինյանն ատում է Ռուսաստանը և խաբում Պուտինին։
Սիմոնյանի խոսքով՝ այդ խոսքերի համար իր մուտքը Հայաստան ավելի վաղ փակել էին: Նա նշել է, որ դա իրեն քիչ է անհանգստացնում, քանի որ «առանց այդ էլ Հայաստան չէր պատրաստվում գալ և կյանքում ընդամենը երկու անգամ է եղել Հայաստանում․․․»։ «Փաշինյանական իշխանության օրոք ես ոչ մի դեպքում չէի թռչի Հայաստան։ Բայց շփոթեցնում է ձևակերպումը, որով փակել են իմ մուտքը՝ այն է՝ «անհարգալից վերաբերմունքի համար»:
Մարգարիտա Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին անվանում է «Էֆենդի»՝ հավելելով, որ ձևակերպումը պետք է փոխել՝ «Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելված է գործող իշխանությունների նկատմամբ նողկանքի համար»։
Հիշեցնենք, որ ասուլիսի ընթացքում, պատասխանելով Կոնստանտին Զատուլինի, Արամ Գաբրելյանովի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը ասել էր․ «Հայաստանն ինքնիշխան երկիր է և իրավունք ունի հարգանք ակնկալել իր նկատմամբ» և «իրավունք ունի կիրառել իր ինքնիշխան գործիքակազմը՝ կանխելու համար ոտնձգությունն իր շահերի դեմ»:
Վարչապետի խոսքով՝ «ինչ-որ մեկն ասում է, որ Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել, թող տա»: Նա ընդգծել է, որ «այդ մարդիկ պարտավոր են հարգել Հայաստանը, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին»: