Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի հարցերի շուրջ տարաձայնություն ունեն, բայց ՌԴ խաղաղապահների վերաբերյալ միակարծիք են։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց Փաշինյանը` անդրադառնալով շրջանառվող զրույցներին, թե Արցախի նախագահի և իր միջև տարաձայնություններ կան։
«Կա՞ն արդյոք տարբեր տեսակետներ. իհարկե, կան, քանի որ ինքը Լեռնային Ղարաբաղի նախագահն է, ես Հայաստանի վարչապետն եմ։ Իսկ ի՞նչն է այստեղ վախենալու, կա բանավեճ, խոսակցություն, քննարկում, և ես հարգում եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, հասարակության կարծիքը, ու ինձ իրավունք եմ վերապահում դիտարկումներ անել այդ կարծիքի առնչությամբ»,– հավելեց վարչապետը։
Նրա կարծիքով` եղած քննարկումն ու բանավեճը եթե ազդում են իր և Արայիկ Հարությունյանի անձնական և աշխատանքային հարաբերությունների միջև, ապա միայն դրական տեսանկյունից։ Փաշինյանը նշեց, որ ամենօրյա հեռախոսակապի մեջ է Արայիկ Հարությունյանի հետ, ի դեպ, հաճախ հենց իր նախաձեռնությամբ։