Երևանի Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, վիրավորել են 2 քաղաքացու՝ 1 կին և 1 տղամարդ։ Գրում է Shamshyan.com–ը։
«Շտապօգնության բժիշկները Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ և 1 տղամարդու։ Նշված տան մոտ հայտնաբերվել են Lada և Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր և ատրճանակ»,–նշում է կայքը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։
«Նրանք բաժանված են։ Եվ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, կանգնել Opel-ի առաջ, որը տաքսի է, իջել է ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր վրա»,–ասել են ականտեսները։
Դեպքի փաստով՝ սպանության փորձի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։