Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի ԱԺ խմբակցությունների երեկվա հայտարարությանը՝ ասել է հետևյալը. «Շատ հաճախ հանրային հարթակներում որպես ահազանգ ներկայացվում է՝ հասե՛ք, ՀՀ կառավարությունը պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել. եթե ունենանք իրավիճակ, որ մնացել է՝ 1-2-3 օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, իրականում լավ նորություն է, նշանակում է՝ բանակցային գործընթացում ունեցել ենք առաջընթաց, հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց արդյունք է, որ պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն: Կա՞ արդյոք փաստաթուղթ. գիտեք, որ փետրվարի կեսերին մենք մեր արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել էինք Ադրբեջանին ու 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը: Կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթում, որոշակի առաջընթաց տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ: Տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ ձևակերպել, ինչը հասկանալիորեն կարմիր գիծ է մեզ համար: Տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, որը ևս կարմիր գիծ է մեզ համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը: