ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության եւ անվտանգության հարցերին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովը։
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում է 136 երկրից ավելի քան 1700 պատվիրակ, ելույթ են ունենալու վեց տասնյակից ավելի խորհրդարանների ղեկավարներ: Համաժողովն ընդգրկում է Միջխորհրդարանական միության բոլոր կանոնադրական մարմինները, ներառյալ Կառավարիչների խորհուրդը, մշտական հանձնաժողովները, Խորհրդարանականների, Մարդու իրավունքների եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հանձնաժողովները, ինչպես նաեւ Կին խորհրդարանականների եւ Երիտասարդ պատգամավորների ֆորումները: Ընդհանուր քննարկումների առարկան հիմնականում խաղաղ գոյակցության եւ ներառական հասարակությունների խթանման համատեքստում է: Օրակարգային է նաեւ անհանդուրժողականության դեմ պայքարին վերաբերող ազգային օրենսդրությունների առանձնահատկությունների ներկայացումը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մասնավորեցնելով ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած Լաչինի ճգնաժամին առնչվող խնդիրները:
«Պարո՛ն նախագահ,
գործընկեր խորհրդարանականնե՛ր,
տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհակալություն եմ հայտնում Բահրեյնի գործընկերներին ջերմ հյուրընկալության եւ հիանալի կազմակերպված համագումարի համար:
Կլիմայի փոփոխություն, պատերազմներ եւ բնական աղետներ. մարդկությունը պետք է դիմացկուն լինի այս դժբախտություններին դիմակայելու հարցում:
Թույլ տվեք իմ ցավակցությունը հայտնել Թուրքիայի եւ Սիրիայի ժողովուրդներին՝ վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով հազարավոր զոհերի կապակցությամբ:
Խաղաղ գոյակցության հիմնական սկզբունքները՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունը եւ ինքնորոշումը, ներքին գործերին չմիջամտելը, պետք է կարգավորեն պետությունների միջեւ հարաբերությունները: Սակայն մենք տեսնում ենք, որ այդ սկզբունքները հաճախ խախտվում են:
Խաղաղ համակեցությունը զուգահեռ է միասնությանը, ինչն անհրաժեշտ է սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կայունության համար: Անհատներն ու պետությունները միավորվելով՝ կարող են ընդհանուր նպատակներին հասնելու եւ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատել: Սա կայուն եւ ներդաշնակ միջավայրի, համընդհանուր բարօրության համար անչափ կարեւոր է:
Հիմա թույլ տվեք դիմել մեր տարածաշրջանին եւ իմ երկրին՝ Հայաստանին, որտեղ ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, քրդերը, ռուսները, ուկրաինացիները, ասորիները, հրեաներն ու հույները, ապրում են կողք կողքի՝ որպես մեր հասարակության իրավահավասար անդամներ՝ օգտվելով բոլոր իրավունքներից: Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչներ մեր խորհրդարանի անդամներ են:
Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարեւան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել կայուն աշխարհ կառուցելու գործում:
Ոմանք ասում են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր տարածքը: Թույլ տվեք բացարձակ պարզություն մտցնել. Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից եւ ոչ մեկի նկատմամբ:
Պատմեմ Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը Հայաստանն ու աշխարհը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է, որը հազար տարուց ավելի բնակեցված է էթնիկ հայերով:
Շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով՝ Լաչինի միջանցքով»: Այդ ճանապարհը քաղաքացիական եւ այլ տրանսպորտային միջոցների համար անհասանելի է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից եւ արգելափակված է տասնյակ ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք քողարկվում են «բնապահպանական ակտիվիստներ» անվան տակ:
Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների: Նրանք զրկված են կենսական նշանակության դեղորայքից եւ բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Գիշերներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ենթարկվում են ադրբեջանցիների կողմից բարձր հնչեցվող կրոնական կոչերի, իսկ նրանց տները լուսավորվում են լուսարձակներով:
Վերջերս Ադրբեջանը կեղծ տեսանյութ էր հրապարակել, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին: Ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվում ապատեղեկատվության տարածմամբ եւ վերը նկարագրված հետապնդումներով:
Ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց, եւս մեկը վիրավորվեց Ադրբեջանի հրամանով նախապես ծրագրված դարանակալման հետեւանքով:
Հարգելի՛ գործընկերներ, ես հարցնում եմ՝ մի՞թե սրանք էթնիկ զտումներ չեն:
Մարդկանց դեմ ուղղված ռասայական եւ կրոնական հողի վրա իրականացվող անհանդուրժողականությունը, բռնությունը չպետք է արդարացվեն:
Ըստ Նելսոն Մանդելայի՝ «Ոչ ոք չի ծնվում՝ ատելով մեկ այլ մարդու նրա մաշկի գույնի կամ ծագման կամ կրոնի պատճառով»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շրջափակման հարցում միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել վերացնել այն: «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, Եվրոպական միությունը եւ Հելսինկյան հանձնաժողովը միմյանցից անկախ կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը:
2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի «անարգել տեղաշարժը» Լաչինի միջանցքով: Առանձին վճռով դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Հայաստանն ականներ է տեղադրել:
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում:
Եզրափակելով՝ ես խորապես հավատում եմ, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը եւ խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ:
Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը:
ԱԺ խոսնակի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: