Search
Close this search box.

Իսրայելում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ամենամեծ հակակառավարական բողոքի ակցիաները. դրանց մասնակցել է 500 000 մարդ

Իսրայելի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ամենամեծ բողոքի ակցիաները՝ ընդդեմ դատավորների լիազորությունները սահմանափակելու կառավարության քայլերի, գրում է Haaretz-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ հայտնելով իրենց բողոքն ընդդեմ դատական նոր բարեփոխումների:

Ըստ կազմակերպիչների՝ ակցիաներին մասնակցել է կես միլիոն մարդ. Թել Ավիվում՝ առնվազն 200 000 մարդ, մյուս քաղաքներում միասին՝ 300 000:

Երկրում բողոքի ակցիաները չեն հանդարտվում ավելի քան երկու ամիս։ Դրանց մասնակիցները հայտարարում են, որ դուրս են գալիս պաշտպանելու ժողովրդավարությունը, որը ոտնձգության է ենթարկվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր կառավարության կողմից։ Վարչապետն իր հերթին պնդում է, որ դատարանների լիազորությունները սահմանափակող բարեփոխումը կվերականգնի իշխանության թևերի միջև հավասարակշռությունը։

Բարեփոխման էությունը դատական իշխանությանն օրենսդիր և գործադիր ատյանների որոշումների վրա ազդելու հնարավորությունից զրկելն է։ Մինչ այժմ Գերագույն դատարանը կարող էր արգելափակել այն օրենքների ընդունումը, որոնք նա հակասահմանադրական էր համարում: Առաջարկվող փոփոխությունները նշանակում են, որ ցանկացած վետոն կարող է չեղարկվել խորհրդարանական պարզ մեծամասնությամբ՝ 61 ձայնով: Այլ կերպ ասած, իշխող կոալիցիան, որը մեծամասնություն ունի Կնեսետում, միշտ կկարողանա շրջանցել Գերագույն դատարանի վետոն, ազատորեն ընդունել կամ չեղարկել ցանկացած օրենք։

Please enter a valid URL