Search
Close this search box.

Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը ոստիկականական մեքենայի մեջ վատացել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այցելել է ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դանիելյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա մանրամասներ է հայտնել Պետրոսյանի հետ ՁՊՎ-ում հանդիպումից։

«Գործընկերոջս Արման Ղազարյանի հետ, այցելեցինք 72 ժամով ձերբակալված Գևորգ Պետրոսյանին:

Պարոն Պետրոսյանը պատմեց իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Ըստ նրա, երեկ երեկոյան Պարեկային ծառայության աշխատակիցները բավականին երկար ժամանակ հետևել են իրեն, այնուհետև, արդեն այն ժամանակ, երբ վերջինս մոտ է եղել իր բնակության վայրին, մոտեցել են և առանց պատշաճ կերպով օրինական պահանջ ներկայացնելու փորձել են իրեն դուրս բերել մեքենայի միջից:

Ի վերջո, մեծաթիվ պարեկային ծառայողների միջոցով դա նրանց հաջողել է, ինչի հետևանքով Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են նախ անհրաժեշտ քննություններն անցկացնելու, ապա Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկը:

Պարեկային ծառայողների ակնհայտ անօրինաչափ գործողությունների հետևանքով ոստիկանական մեքենայում կտրուկ վատացել է Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը:

Ահազանգով ժամանել են շտապ օգնության ծառայության աշխատակիցներ, որոնք նախնական զննությունից հետո պնդել են, որ Գևորգ Պետրոսյանին անհրաժեշտ է տեղափոխել բժշկական հաստատություն, քանի որ վերջինիս մոտ առկա են առողջական խնդիրներ, և բժշկական օգնություն ցուցաբերելու անհապաղ կարիք կա։

Պարեկային ծառայության աշխատակիցները հրաժարվել են իրականացնել այս պահանջը այդպիսով վտանգելով ՀՀ քաղաքացու կյանքը:

Ի վերջո, ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելուց հետո Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են Ձերբակալված անձանց պահման վայր, որտեղ էլ այսօր տեսակցեցինք նրան:

Չնայած առողջական խնդիրներին և դեղամիջոցներ ընդունելուն՝ պարոն Պետրոսյանը հոգեպես ընկճված չէ։

Ակնհայտ է, որ այս ամենը պարոն Պետրոսյանի հետ տեղի է ունեցել իշխող ուժի նկատմամբ հնչեցրած դիրքորոշումների հետևանքով։

Իսկ տեղի ունեցածը ևս մեկ ապացույցն է այն հանգամանքի, որ մարդու իրավունքներ ասվածն իշխող ուժի ներկայացուցիչների համար պարզապես իշխանության գալու հարմար միջոց էր»,_ գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Please enter a valid URL