Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 232 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Range Rover և Kia Forte մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։