Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է. «Հարգելի հայրենակիցներ, տեղյակ եք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո հանրապետություն տեղափոխվող հումանիտար բեռները հասնում են մեծ դժվարությամբ և խիստ սահմանափակ ծավալով: Սակայն անհրաժեշտ դեղորայքի, պարենի առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումն ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր առիթ են գտնում՝ պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ: Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել:
Ինչպես և նշել եմ, հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է և յուրաքանչյուր նման արարք արժանանալու է համարժեք գնահատականի ու արձագանքի: Նման անպատասխանատու և ամոթալի արարքները շարունակելու դեպքում իրականացվելու են հանրայնացման ավելի ընդգրկուն աշխատանքեր. մենք պետք է բարձրաձայնենք շրջափակված ու կարիքի մեջ գտնվող ժողովրդի հաշվին հարստանալու փորձերը և դեպքերը»: