Search
Close this search box.

«Հրապարակ». Աննա Հակոբյանին շարունակում են մուծվել

«Հրապարակ» թերթը գրում է. Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին 2020-ի պատերազմից հետո արված հանգանակություններն էականորեն նվազել էին։ Իսկ վերջին շրջանում կրկին խոշոր չափերի դրամական փոխանցումներ են արվել, չնայած դրանց մեծ մասը՝ անանուն է։ Հիմնադրամին գումարներ են փոխանցել անհատներ Արմեն Ղազարյանը՝ 5 մլն դրամ, Ալբերտ Պողոսյանը՝ 25 հազար դոլար, Ղեւոնդ Էմյանը՝ 5 մլն դրամ, Ներսես Սիմոնյանը՝ 5 հազար դոլար։ Հայտնի չէ, թե ովքեր են այս մարդիկ եւ ինչ նկատառումներից ելնելով են վարչապետի կնոջ գրասենյակին փող փոխանցում։

Հակոբյանի հիմնադրամին 10 մլն դրամ է փոխանցել նաեւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, որը պատկանում է 2013-2014 թվականներին Սյունիքի մարզպետ եղած Վահե Մաքսիմի Հակոբյանին՝ 100 տոկոս բաժնեմասով։ 10 մլն դրամ է փոխանցել նաեւ «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն։

Փորձեցինք պարզել թե ում է պատկանում «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն: Համացանցում «ԱՆ-ՆԱՐ» անվամբ մեկ ընկերություն կա, սակայն ընկերության մասին գրեթե տեղեկություն չկա, բացի այն, որ այն գրանցված է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իսկ ընկերության ներկայացուցիչը Ռոման Սարիկի Հարությունյանն է, եւ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ։ Պետռեգիստրում ևս մեկ ընկերություն կա` «ԱՆՆԱՐ» ՍՊԸ անունով, որը պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արշավիր Խաչատրյանին: Վերջինս ներկայում, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքի, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ է։ Անցած տարվա նվիրատուների թվում մի քանի արտառոց անուն էլ նկատեցինք․ օրինակ, Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը 2022-ին երկու փոխանցում է արել՝ մոտ 3 հազար դոլարի չափով։ Անհասկանալի է, թե պետական բյուջեից սնվող դեսպանությունն ինչու է բարեգործություն անում։ Եվս մի արտառոց փոխանցում․ Կենտրոնական բանկը 2 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։

Please enter a valid URL