Search
Close this search box.

Որդուս մարմինը 6-7 ամիս մնացել է Կապանի դիահերձարանում. զոհվածի ծնող

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ մարտի 9-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արման Գաբրիելյանի հայրը՝ Բենիկ Գաբրիելյանը:

Նա պատմեց, որ որդին 2 ամիս 10 օր էր ծառայության մեջ. «Հոկտեմբերի 3-ին եմ խոսել տղայիս հետ, ինձ ասաց՝ պատերազմ է սկսել, նահանջ տալով մեզ բերում են սպաները: Հոկտեմբերի 5-ին երբ խոսեցի, ասաց՝ Հայկազը մի քանի սպաների հետ «Ուրալներով» զինվորներին տարել են, իրենք մնացել են ոտքով: Ամսի 5-ին ինքն ինձ զանգել է Հադրութի դպրոցից, ասաց՝ մի քանի օրից մեզ նորից պետք է տանեն դիրքեր, ես էլ ասացի՝ դե տղա ջան պատերազմ է, պետք է գնաք, ինչ պիտի անեք, ու գնացել են տղերքը: Հոկտեմբերի 7-ին կամ 8-ին իրենց տարել են Գերեզմաններ: Ինձ զանգեց մի տղա հոսպիտալից, ասաց, որ տղաս այդ տարածքից իրեն վիրավոր հանել է ու շնորհակալություն հայտնեց»:

Զոհվածի հայրն ասաց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 5-ին, երբ նրան բարձրացրել են Խուռհատ սար. «Թե մեր երեխեքը վիրավոր են մնացել, թե զոհվել են, չգիտենք, իրենց հետ եղած շարքայինից մինչեւ գեներալ փախել են, մեր երեխեքին չեն օգնել: Բոլորը պիտի պատասխան տան, մենակ ինքը չէ, բոլորը: Մի քանի անգամ Հայկազի հետ խոսել, ասաց՝ տղերքը մնացել են շրջափակման մեջ, ի՞նչ անեմ, ինձ տրաքացնեմ, որ ծնողներից պրծնե՞մ:

Ես գնացել եմ Խոջալու, այնտեղից եմ որդուս զինգրքույկը գտել, ոչխարները երեխեքի զինգրքույկները հավաքել են: Տղաս 6-7 ամիս մնացել է Կապանի դիահերձարանում, թող մի հատ թուղթ գրեին, դնեին գրպանները, ո՞վ պիտի պատասխան տա»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

5-րդ գումարտակի անձնակազմը մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով:

Please enter a valid URL