«Քանի դեռ խնդրին վերջնական լուծում չի տրվել, մենք պահանջում ենք, թեկուզև ժամանակավոր, վերադառնալ մեր բնակարանները»,- հայտարարեցին Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող ՊՆ նախկին շենքի բնակիչները: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ կառավարության համապատասխան որոշմամբ շուրջ 200 քաղաքացի այսօր զրկված է օթևանից, երեխաներ կան՝ դպրոց չեն գնում, ընտանիքների մի մասն ապաստան գտել է, մյուս մասը՝ շարունակում է վրանի տակ գիշերել:
«Ոստիկաններն էլ ուլտիմատում են դրել, ասում են՝ բանալի ենք տվել, ոնց ուզում եք տեղավորվեք, բայց չհամարձակվեք վերադառնալ ձեր բնակարանի տարածք: Ես էլ իրենց եմ զգուշացնում՝ եթե մեր վրանը քանդեն, դա տեղադրվելու է Հանրապետության հրապարակում»,- ասաց քաղաքացիներից մեկը: