Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում հրադադարի պահպանման և Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունների մասին

Լեռնային Ղարաբաղում անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր ամենօրյա տեղեկագրում։

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները երեսուն դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

Բացի այդ, ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։

«Երեք երթուղով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Մարտունու շրջանում մարդասիրական ակցիա է անցկացվել՝ անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ են տրամադրվել։ »,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում 0,2 հա տարածք է մաքրվել։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու պարկուճներից մաքրվել է 2515,4 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթուցիկ առարկա։

«Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշվում է տեղեկագրում։

Please enter a valid URL