Search
Close this search box.

Արցախում սպանված ոստիկանների ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շարել. նոր մանրամասներ

Մարտի 5–ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից գնդակոծված ոստիկանական ավտոմեքենան ճանապարհին կանգ էր առել, քանի որ ճանապարհի երթևեկելի հատվածում շարված են եղել քարեր։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը իր հրապարակած արտահերթ զեկույցում, որը վերաբերում է օրեր առաջ Արցախում տեղի ունեցած դեպքին։

Նա զեկույցում նշում է, որ այդ քարերի հետևից դուրս են եկել ադրբեջանական դիվերսիոն խմբի թվով 5 անդամներ՝ զինվորական հագուստով ու դիմակավորված։
«Մեքենայի վարորդը փորձել է հետ պտտել ավտոմեքենան, սակայն նույն պահին ադրբեջանական դիվերսիոն խմբի նշյալ 5 անդամները՝ դիմացից, ինչպես նաև ճանապարհի աջ և ձախ հատվածում դարանակալած դիվերսիոն խմբի ևս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակահերթերը շարունակվել են մոտ 10 րոպե»,– ասված է զեկույցում։

Արցախի ՄԻՊ–ը նշում է նաև, որ հավաքագրված փաստերից հստակ երևում է, որ մեքենան շարժվում է Ստեփանակերտից, ուստի անհիմն և կեղծ են ադրբեջանական կողմի այն պնդումները, թե իբր մեքենայով հայկական կողմը ՀՀ–ից զենք-զինամթերք էր տեղափոխում Արցախ։ Իսկ Ստեփանակերտից մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը։

«Մեքենայի արտաքին զննությունը հստակ ցույց է տալիս, որ մեքենայի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից արձակվել են հարյուրավոր գնդակներ։ Կրակը դադարելուց հետո ադրբեջանական դիվերսիոն խմբի 3 անդամներ մոտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի և վարորդի մոտ նստած ուղևորի ուղղությամբ։ Սակայն, ըստ փրկված ոստիկանի վկայության, ադրբեջանցիները մեքենայի հետնամասի սրահի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ հետնամասի սրահում ևս ուղևորներ կան»,– ասված է զեկույցում։

Ասվում է նաև, որ ահաբեկչական հարձակումից մոտ 30-40 րոպե հետո տեղ են ժամանել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ Նրանց միջամտությունից հետո կրակը դադարեցվել է։

Հետո նրանք առաջին բուժօգնություն են ցուցաբերել 2 ոստիկանի, որոնցից մեկը զոհվել է հիվանդանոցի ճանապարհին։
Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով` հայերեն և անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։

Please enter a valid URL