Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակներում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնել Լաչինում տիրող իրավիճակի կապակցությամբ, քանի որ միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ առողջության, պարենի, կրթության և այլ իրավունքների վրա։
«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատու անձանց երաշխավորել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, և կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պահանջները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշված հաղորդագրությամբ՝ ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել խաղաղ գործընթացի շուրջ երկխոսությունը՝ նշելով, որ ակնկալում են, որ այն կլինի շարունակական։