Search
Close this search box.

«Ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք». Լուիս Բոնո. «Ազատություն»

Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ. mենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել:

«Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից»,-ասել է նա:

Անդրադառնալով Ղարաբաղում ադրբեջանական արյունալի սադրանքին, Բոնոն ասել է. «Ես ժամանել եմ Բաքու կիրակի երեկոյան: Ու երբ ինքնաթիռից դուրս եմ եկել, իմացել եմ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության՝ շատ անհանգստացնող լուրը: Բայց ինձ համար այն միայն ամրապնդեց իմ առաքելության կարևորությունը, այս հակամարտությունը վերջ տալու անհրաժեշտությունը: Մենք այլ ճանապարհ չենք տեսնում, քան այն, որ պետք է սերտ համագործակցենք կողմերի հետ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, խաղաղություն հաստատելու համար, խաղաղություն, որը կլինի երկարատև և հավասարակշռված»:

Հարցին՝ Ստեփանակերտ-Բաքու շփումները ռուսական միջնորդությամբ կանվանեի՞ք անհրաժեշտ երկխոսության սկիզբը, նա պատասխանել է. «Իմ լիազորությունը չէ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ երկխոսությունը»:

Please enter a valid URL